Շարունակելով գիտության և տիեզերքի հանդեպ իր լեգենդար նվիրվածությունը՝ Omega-ն այս տարի մասնակցել է Starmus VI փառատոնին, որը կազմակերպվել էր Հայաստանում՝ Երևանում։ Ինչպես նախորդ երկու փառատոններում, այս անգամ ևս ապրանքանիշը մեծ հպարտությամբ հատուկ ստեղծված Speedmaster Moonwatch ժամացույցներով պարգևատրեց գիտության հաղորդակցության համար Սթիվեն Հոքինգի մեդալի հաղթողներին։
Starmus փառատոնը գիտության, արվեստի և երաժշտության համադրություն է՝ նպատակ ունենալով հանրությանը մատչելի և հասկանալի դարձնել գիտությունը։ 2011 թվականից սկսած, փառատոնի շրջանակներում ելույթներ են ունեցել տիեզերագնացներ, Նոբելյան մրցանակակիրներ, ինչպես նաև գիտության, մշակույթի, արվեստի և երաժշտության առաջատար ներկայացուցիչներ։
Իր գործընկերության շրջանակներում Omega-ն աջակցում է Սթիվեն Հոքինգի մեդալին, որը շնորհվում է գիտության տարածման գործում հաջողության հասած անձանց երեք տարբեր ոլորտներում՝ գիտական գրականություն, ֆիլմեր, երաժշտություն և արվեստ։
Այս տարվա չորս հաղթողները եղել են Brian May-ը, Jane Goodall-ը, Diane Ackerman-ը և NASA-ի հաղորդակցության բաժինը։
Իրենց ձեռքբերումների համար պարգևատրված յուրաքանչյուր հաղթող ստացավ հատուկ Speedmaster Moonwatch ժամացույց, որը պատրաստված է 18K Sedna™ Gold-ով՝ Omega-ի սեփական կարմիր ոսկու համաձուլվածքով։ Ժամացույցի ներսում տեղադրված է ժամանակակից Co-Axial Master Chronometer 3861 մեխանիզմը, որը սերում է լուսնի վրա օգտագործված լեգենդար Calibre 321 մեխանիզմից։ Ամենատպավորիչը ժամացույցի հետնամասում տեղադրված ծխագույն շափյուղա ապակե կափարիչն է, որի վրա սպիտակ գույնով փորագրված է մեդալի դիզայնը։ Այս դիզայնի վրա պատկերված են տիեզերագնաց Alexei Leonov-ը՝ մարդու կողմից առաջին տիեզերական քայլքի ժամանակ, ինչպես նաև Queen խմբի Brian May-ի «Red Special» կիթառը։
Խոսելով այս տարվա մրցանակաբաշխության մասին՝ Omega-ի նախագահ և գործադիր տնօրեն Raynald Aeschlimann-ը ասել է. Մենք գնահատում ենք Starmus փառատոնը, քանի որ այն բարդ և նորարար թեմաները հասանելի է դարձնում բոլորին։ Սա ստեղծարարության տոն է՝ մարդկանց ներգրավելու տիեզերքի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու գործում։ Մեզ համար մեծ պատիվ է այս ամենի մասը լինելը և այս ժամացույցները նման արժանի հաղթողներին նվիրելը։
Այս սեպտեմբերին անցկացված Starmus VI փառատոնը նվիրված էր "50 տարի Մարսի վրա" թեմային։ Հնգօրյա միջոցառումը հյուրընկալել է գիտության աշխարհից բազմաթիվ նշանավոր անուններ, ներառյալ Omega-ի դեսպան, Ապոլոն 16-ի տիեզերագնաց Charlie Duke-ը։ Omega-ն աջակցում է այս փառատոնին 2017 թվականից, և այս տարին բրենդի երրորդ մասնակցությունն է։